Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
Ամերիկյան հեռուստաընկերությունների քար լռությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների շուրջ փողոց է դուրս բերել ամերիկահայերին։ Նրանք պահանջում են պատշաճ լուսաբանում։ Այս պահին Լոս Անջելեսի գլխավոր փողոցները փակված են ամերիկահայերի կողմից։
«Հայություն, բոլորս իջնում ենք 6430 W Sunset Blvd, CNN շենքի դիմաց: Կաթվածահար պիտի անենք քաղաքը, որ լրատվականները սկսեն խոսել, ԱՄՆ կառավարությունը սկսի խոսել»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ամերիկաբնակ Արա Վարդան Միրզոյանը։
«Մենք պետք է որդեգրենք հետևյալ քաղաքականությունը՝ փակում ենք Հոլիվուդի փողոցները, գնալով ավելի շատ ենք փակելու։ Պահանջն է, որպեսզի ամերիկյան հեղինակավոր մեդիաները խոսեն այս խնդրի մասին, քանի որ քար լռություն են պահում այս պահին։ Դրա համար CNN –ի կենտրոնակայանի դիմաց ենք հավաքվում։ Բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները պետք է խոսեն ու ներկայացնեն իրականությունը, այն, ինչ կատարվում է Արցախի առաջնագծում։ Այս ալիքը պետք է տարածվի ամերիկյան բոլոր քաղաքաներով»,- ուղիղ եթերում ասում է նա։
Նրա խոսքով, իրենք մեկ ժամ են տալիս, եթե որևէ լրատվամիջոց չգա ու չլուսաբանի, կփակեն մեկ այլ փողոց ու այդպես շարունակ, մինչև արցախյան ճակատում ընթացող ռազմական գործողությունների մասին չխոսեն ամերիկյան ամենահեղինակավոր հեռուստաալիքները։
Նրա կոչին հետևել են շատ ամերիկահայեր։
Նրանք իրենց մեքենաներով փակել են ելքերն ու մուտքերը։ Որոշ ժամանակ անց Արա Վարդան Միրզոյանը հայտնում է. «ABC-ին ստիպեցինք գալ»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացի սենատոր. Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը
- ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար. Եվրախորհրդարանի անդամ
- «Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
- Փաշինյանը Թրամփի խորհրդականին փոխանցել է՝ առանց ահաբեկիչների դուրս մղման անհնար է հրադադարի հաստատումը
- Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն
- Բիլզերյան ընտանիքը Համահայկական Հիմնադրամին 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել