ԱՄՆ սենատորները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրվող օգնությունը
Միացյալ Նահանգների Սենատորները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրվող օգնությունը։ Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատոր Բոբ Մենենդեզին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ով հեղինակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակը, որով կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվող օգնությունը:
«Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին և նրա գործընկերներին` բարձր մակարդակներում Միացյալ Նահանգների ավելի մեծ ներգրավվածության, Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող անվտանգության ամեն տեսակի աջակցության կասեցման և Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի ու մատակարարումների դադարեցման կոչ անելու համար»,– ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական Միությունը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, Գերմանիայի կանցլեր Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և այլոք հորդորել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում են իրենց արշավն ընդդեմ հայ ժողովրդի։ Առնվազն պետք է ամբողջությամբ իրագործվի Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը: Մենք վարչակազմին վճռական գործողություններ ձեռնարկելու կոչ ենք անում: Կյանքեր են վտանգված»,– շարունակել է Արդունին:
«Քանի որ հնարավոր է, որ այս հակամարտությունը կլանի տարածաշրջանը և ներգրավի այլ արտաքին դերակատարների, անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի իր դիվանագիտական լծակներն՝ անհապաղ կրակի դադարեցում ապահովելու համար»,– ասվում է նամակում:
Սենատոր և փոքրամասնությունների առաջնորդ Չարլզ Շումերի (Դեմոկրատ, Նյու-Յորք), ինչպես նաև Սենատորներ Քորի Բուքերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Բոբ Քեյսի կրտսերի (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Դիկ Դուրբինի (Դեմոկրատ, Իլինոյս), Էդ Մարքիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գերի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան), Ջեք Ռիդի (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Դեբի Սթաբենուի (Դեմոկրատ, Միչիգան), Էլիզաբեթ Ուորենի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուսի (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Քրիս վան Հոլենի (Դեմոկրատ, Մերիլենդ) կողմից ստորագրված նամակում մասամբ հայտարարված էր նաև, որ Թուրքիայի կողմից «Ադրբեջանի գործողություններին անվերապահ աջակցությունը զգալի էսկալացիա է և իր սահմաններից դուրս Թուրքիայի ագրեսիվ պահվածքի ևս մեկ վրդովեցնող օրինակ»:
Նամակը Պետքարտուղարին հորդորում էր.
1) «Վերակենդանացնել Մինսկի խումբը» և առաջարկել անցկացնել 2001թ.-ի Key West խաղաղության բանակցությունների պես հանդիպում
2) Անհապաղ «դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ամեն տեսակի աջակցություն»՝ վկայակոչելով նրա ագրեսիան և մարդու իրավունքների արձանագրությունը
3) «Համոզել Թուրքիային անհապաղ դուրս գալ հակամարտությունից» կամ «անհապաղ դադարեցնել ռազմական տեխնիկայի վաճառքն ու մատակարարումն Անկարային» և
4) Կիրառելով Պետքարտուղարի գրասենյակի հզորությունը՝ «նպաստել այս սարսափելի բռնության խաղաղ կարգավորմանը և հնարավորինս շուտ կողմերին վերադարձնել սեղանի շուրջ»: