Չալաբյան. Սկսում ենք բարձր անցանելության ռեանիմացիոն մեքենաների ներկրում
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ,
Անցած շաբաթ Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց հետո, մեր ԱրԱր հիմնադրամը անցավ աշխատանքի մոբիլիզացիոն ռեժիմի, և սկսեց գործարկել մի շարք նախագծեր՝ աջակցելու առաջնագծում հերոսաբար մարտնչող մեր եղբայրներին։
Հաշվի առնելով մեր հիմնադրամի բանակի հետ աշխատելու երկարամյա փորձը, մեր ծրագրերը հիմնականում կրում են տեխնոլոգիական բնույթ, մենք բանակին աջակցում ենք բարդ սարքավորմամբ, որի սուր կարիքը կա, և որը կամ պետք է արտադրել Հայաստանում, կամ ներկրել արտերկրից՝ այս դժվարին պայմաններում։
Վերջին երեք օրերի ընթացքում, մեզ դիմել են Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ ընկերներ, որոնք նախկինում էլ աջակցել են մեր գործունեությանը, և այսօր էլ առաջին կանչով իրենց ներդրումը սկսեցին բերել մեր հաղթանակի սուրբ գործին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, այն համոզմամբ, որ ձեր ներդրումը կմոտեցնի մեր ընդհանուր հաղթանակը։
Մեր առաջին ծրագրով, մենք սկսում ենք բարձր անցանելության ռեանիմացիոն մեքենաների ներկրում, նրանք ծայրահեղ անհրաժեշտ են՝ մարտադաշտից ծանր վիրավորներին հանելու և նրանց կյանքը փրկելու համար։
Եթե դուք ցանկանում եք նյութապես աջակցել մեր գործունեությանը, կամ էլ ունեք հասունության բարձր մակարդակում գտնվող տեխնոլոգիական նախագծեր, որոնք իրենք ֆինանսական աջակցության կարիք ունեն, խնդրում եմ գրեք ինձ անձնական նամակով։ Մինչ այդ, բոլորիդ մաղթում եմ կամք և տոկունություն, մինչև վերջնական հաղթանակ»։