ԱՀ ԱԺ-ն կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։ հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը,
կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են
նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ՝ Արցախի Հանրապետության և
Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով,
Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի
ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների
փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը,
Խորը մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայում
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների
զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ,
Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության
դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված
հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների
խախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք
Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական և մեծ կործանարարություն ունեցող
զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքաղիական բնակչության
շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ,
Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի
Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության,
ինպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված
տարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք
հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման
հետևանքով այդ քայլերը գործնական արդյուքն չեն տվել,
Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան
պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված
հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից
ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան
ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,
Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների
շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման
խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և
Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ
իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում
աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության
անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության
դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց
իրավունքները պաշտպանելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան