Նիկոլա Ազնավուրի կոչը պետություններին՝ հաստատուն կոչով կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել բաց նամակով։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն։
«Վերջին յոթ օրերը դժվար, ողբերգական, ծանր, բայց հույսով և ապրելու ցանկությամբ լի էին: Մենք արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտված է, և քնում ենք՝ հուսալով, որ ռազմական գործողությունների վերջին օրն է:
Ինչպես հայրս՝ Շառլ Ազնավուրը, սիրում էր կրկնել, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի:
Հայաստանը և նրա ճակատագիրը միշտ կարևոր են եղել մեր ընտանիքի համար, ինչն էլ հանգեցրեց իմ որոշմանը՝ միանալու հորս՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման գործին: Եթե հայրս իրեն համարում էր միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի, ես ավելի շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ: Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս բոլոր երկրները, յուրաքանչյուրն իր հերթին, ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ:
Այսօր ես դիմում եմ այդ պետություններին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին հաստատուն կոչով` կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ:
Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Թուրքիան ցանկանում է հերթական վայրագությունը իրագործել Ադրբեջանի և ահաբեկչական վարձկանների ձեռքով: Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում են խաղաղ բնակիչներին, անմեղ երեխաներին և լրագրողներին:
Կարծում եմ, որ ոչ միայն հայերը, այլ ողջ մարդկությունն է վտանգի տակ, այդ պատճառով երկրները, որոնք բանաձևեր և խաղաղության կոնվենցիաներ են ստորագրել, պետք է բարձրաձայնեն և դադարեցնեն արյունահեղությունն ու բռնությունները:
21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա, բայց այսօր հայ ազգը ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը՝ առանց մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղությունը խթանողների օգնության և աջակցության:
«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել մեր հնարավորությունների սահմաններում։
Չնայած հայերը ցրված են աշխարհով մեկ, մենք միավորված ազգ և ժողովուրդ ենք, և միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ»,-ասվում է նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին