
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը (Գերմանիա) հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.
«Ադրբեջանի ագրեսիան չպետք է մեզ զարմացնի. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ավելացնում է ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։
Օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց և ապահովեց Թուրքիայի աջակցությունը ԼՂ վրա հարձակման հարցում։ Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։
Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` ի աջակցություն ադրբեջանական բանակի։
Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը. Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։
Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»։