Վարդան Ոսկանյան․ Իրանի կողմից տարածքային ամբողջականությանն աջակցությունը երբևիցե չի նշանակում Արցախի ներկայություն դրա շրջանակներում
«Իրականության մեջ խոսք էր գնում ոչ թե Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու, այլ գրավյալ քաղաքներից։ Ակնհայտ է, որ իրանական կողմը մշտապես հայտարարել է, որ հետևում է տարածքային ամբողջականության սկզբունքին»,- այս մասին ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը TV5-ի եթերում՝ անդրադառնալով իրանական կողմի, մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու կոչ անում դուրս բերել զորքերը գրավյալ քաղաքներից։
Վարդան Ոսկանյանը նշում է, որ Իրանի դիրքորոշումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․Իրանը բազմազգ երկիր է և եթե այսօր խոսի ազգերի ինքնորոշման իրավունքից, ապա Իրանի հյուսիսը կարող է «ինքնորոշվել»։
«Դա մի տարածք է, որը ադրբեջանական քարոզչությունը կոչում է հարավային Ադրբեջան։ Եվ այս համատեքստում իրանցիները որևէ կերպ և երբևիցե չեն շեշադրելու ազգերի ինքնորոշման հանգամանքը։ Մերձավոր Արևելքում էլ իրանցիները Սիրիային, Իրաքին են օժանդակում․ պետություններ, որոնք նույնպես խնդիրներ ունեն տարածքային ամբողջականության հետ»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Ադրբեջանի պարագայում, իրանագետի խոսքերով, տարածքային ամբողջականությունը երբևիցե չի նշանակում Արցախի ներկայություն դրա շրջանակներում։ Արցախը խորհրդային միությունից անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումը, և իրանցիները սա քաջ գիտակցում են։ Նույնիսկ այդ հայտարարության ձևակերպումների մեջ որևէ անհանգստացնող խնդիր չկա»,-ասաց Վարդան Ոսկանյանը։