Արցախի ԱԺ նախագահ. Գերտերությունները հստակ հասկացել են, որ սա Ադրբեջանի ու Արցախի ժողովրդի պատերազմը չէ
Արցախի ԱԺ-ի՝ Կովկասի բնիկ ժողովուրդներին ուղղված կոչ-հայտարարությունը մեծ արձագանք է ստացել։ Լրագրողների հետ հանդիպմանը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մանրամասնեց, որ առավել մեծ արձագանք է ստացել այն Ռուսաստանում ապրող թալիշների, լեզգիների ու քրդերի ու այլ ազգային փոքրամասնությունների մոտ։
«Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն արդեն ակտիվանում են։
Դուք տեղյակ եք, որ լեզգիներն արդեն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, նշել, որ իրենց երեխաներին տանում են առաջին գիծ, շատ զոհեր ունեն։ Նման հայտարարությամբ հանդես եկան նաև թալիշ ակտիվիստները, որոնց նկատմամբ Ադրբեջանում ատելություն են սերմանում»,-ասաց Թովմասյանը։
Նա նկատեց, թալիշները հայտարարել են, որ տարածաշրջանում ոչ մի թշնամի չունեն, չեն էլ ուզում ունենալ։
«Ամեն ինչ հուսադրող է, սիրելի հայրենակիցներ, պատերազմն ունի իր գրված ու չգրված օրենքները։ Ես հիմա ձեզ ասում եմ, որպես մտավորական ու գիտնական, թույլ կողմն է խփում մայրաքաղաքին, թիրախավորում խաղաղ բնակչությանը։ Անթույլատրելի է խաղաղ բնակավայրերը գնդակոծելը։ Եթե տղամարդ են, թող գան ճակատ ճակատի կռվեն առաջնագծում։ Ամեն ինչ լավ է։ Շատ ուրախացնող փաստ է Հայաստանում ու Արցախում առկա քաղաքական կայունությունը, քանի որ պատերազմը հաղթելու ենք Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականությամբ, քաղաքական խաղերը դրված են մի կողմ»,-նշեց Արցախի ԱԺ նախագահը։
Նա պինդ լինելու կոչ արեց, ավելացրեց՝ հրադադար չեն աղերսելու։
«Պատերազմը սկսկել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, պատերազմը վարում են Թուրքիայի ռազամաքաղաքական իշխանությունները, կարծում եմ՝ մեր հարևաններն արդեն գիտակցում են, որ սա Ղարաբաղի հիմնահարց չէ, Անդրկովկաս քիթն ուզում է կոխել Էրդողանը։ Կարծում եմ՝ մեր հարևան գերտերությունը, մեր բարեկամ գերտերությունները հստակ հասկացել են, որ սա Ադրբեջանի ու Արցախի ժողովրդի պատերազմը չէ, այն դուրս է գալիս այլ հարթություն, գերտերությունները մտահոգված են իրենց շահերով, քանի որ կորցնելով հայկական աշխարհը, կորցնելու են իրենց ազդեցությունը տարածաշրջանում»,-ասաց Ա. Թովմասյանը։
Նա համոզված է, որ մոտակա օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա մեծ ճնշումներ են լինելու։
«Արդեն պետք է սկսկեին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ Կովկասի բնիկ ժողովուրդներին. Կողք մի՛ քաշվեք։ Ոտքի՛ ելեք
- Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան