Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հետ. Մարուքյան
«Ես մի առաջարկ ունեմ, որը, բնականաբար, կապված է իրադրության հետ։ Շատ պատգամավորներ Արցախում էին, և գիտեն՝ ինչ էր կատարվում ռազմաճակատում, բայց շատ կարևոր հանգամանք կա՝ արտաքին հարաբերությունների հետ կապված։ Շատերս ուզում ենք իմանալ՝ ինչ խոսակցություններ են գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պաշտոնյաների հետ»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ այս հարցերը չի կարող վաղը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր խմբակցությունից մի-մի մարդ վարչապետին հարմար ժամին հանդիպում կազմակերպեն, անգամ եթե դա լինի գիշերվա ժամը երեքին։ Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում։ Կարող է մի խորհուրդ էլ մենք տանք, մի առաջարկ էլ մենք անենք։ Այս պահին մենք կտրված ենք այդ խոսակցություններից, և որևէ ձևով դրանց մասնակիցը չենք կարող լինել։ Մեկ գլուխը լավ է, երկուսն ու երեքը ավելի լավ։ Ես առաջարկում եմ, որ այդ հանդիպումը կազմակերպվի։ Ես հարցեր ունեմ, որոնց պատասխանները պետք է ստանամ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Արձագանքելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ արտաքին հարաբերություններին առնչվող բոլոր գործընթացները հրապարակային ու թափանցիկ են.
«Բայց խնդիր չեմ տեսնում, որ մի հանդիպում լինի վարչապետի հետ։ Այդ մասին կխոսեմ վարչապետի հետ, բնականաբար՝ կախված կլինի իր գրաֆիկից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան