Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու տարեցները:
Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման և այլ հարցեր:
Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են և ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:
Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան