Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի․Յենսեն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությանը:
«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում:
Այս համատեքստում հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, ինչպես նաև հաղորդել հակամարտությունում ուղիղ մասնակցության մասին ու նրան կոչ արել անհապաղ դադարեցնել դա անելը:
Յենսենը նշել է, որ վշտով ու տխրությամբ է ընդունել ռազմական գործողությունների արդյունքում զոհված ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների մասին հաղորդագրությունները:
«Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում:
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան