Մենք վստահ ենք՝ Ռուսաստանը տարածաշրջանում իր կայունացնող դերը կատարելու է. Ռուբեն Ռուբինյան
«Այս օրերին միջազգային հանրության շրջանում Ղարաբաղյան հակամարտության հարցում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ, մեզ համար ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության մեջ՝ ընդհուպ ֆիզիկապես։ Դիվանագիտական առումով սա դրական է մեզ համար»,- այսօր խորհրդարանում րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով, հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարևորը ռազմաճակատում և թիկունքում պինդ կանգնելն է, քանի որ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե մենք՝ որպես ժողովուրդ պինդ կանգնենք մեր զինված ուժերի կողքին։
Հարց. Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի և նախագահի հետ։ Մենք ի՞նչ ենք ակնկալում այս հանդիպումից։ Եվ երկուստեք հնչած հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք՝ հաշվի առնելով, որ այսօր էլ Թուրքիայի արտգործնախարարն է մեկնում Ադրբեջան։
Ռ. Ռուբինյան. Թուրքիայի ցանկացած հայտարարության վերաբերյալ որևէ նոր ասելիք չկա։ Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես։ Եվ, ըստ էության, վերածվել է տեռորիստ պետության։ Ինչ վերաբերում է մեր միջազգային գործընկերներին, ապա մենք նրանցից ակնկալում ենք շատ կոշտ քննադատություն Թուրքիայի և Ադրբեջանի այս հակահումանիստական գործողություններին։ Կրկնում եմ՝ ընդհանուր առմամբ կան դրական միտումներ՝ հայտարարությունների մակարդակով, բայց ամեն ինչ կախված է մեր՝ որպես ժողովուրդ, կամքից։
Հարց. Բացի կոչերից, մեր դաշնակից պետություններն ի՞նչ գործուն քայլեր պետք է անեն։
Ռ. Ռուբինյան. Խոսելով դաշնակից պետությունների մասին՝ ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, և առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարևոր դերը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու։
Հարց. ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Առաջիկայում նման հանդիպում նախատեսվո՞ւմ է։
Ռ. Ռուբինյան. Այդպիսի տեղեկություն ես չունեմ։
Հարց. Այս պահին հարաբերական կայուն վիճակ է սահմանին, դա կապ ունի՞ միջազգային հանրության կոչերի հետ։
Ռ. Ռուբինյան. Այս պահին, այո, հարաբերական անդորր է, բայց պետք է հասկանանք, որ սա հայրենական թեժ պատերազմ է, որում մենք պիտի կանգնենք մինչև վերջ։
Հարց. Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ հարցազրույցն է ունենում ՌԴ նախագահի հետ։ Մենք ի՞նչ են ակնկալում Ռուսաստանից այս պահին։
Ռ. Ռուբինյան. Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները, և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանում իր կայունացնող դերը կատարելու է։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման. Արցախի ՊՆ
- Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ. Նաիրա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան