
Սոցփաթեթի շահառուները հնարավորություն կստանան փաթեթի գումարներն ուղղել ռազմաճակատին
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիսում միաձայն հաստատվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ռազմական դրության ժամանակ մի շարք պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողները, ինչպես նաև սոցիալական փաթեթի մյուս շահառուները ցանկանում են մասնակցել ռազմական դրության հետևանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին նաև իրենց սոցփաթեթի միջոցներով:
Գործող օրենքով սահմանված է, որ շահառուի սոցիալական փաթեթի գումարները հանգստի, առողջության և ուսման վճարից բացի այլ ուղղությամբ չեն կարող օգտագործվել: Առաջարկվող փոփոխությամբ նրանք այլ միջոցներից բացի կկարողանան նաև սոցիալական փաթեթի իրենց գումարներն ուղղել ռազմաճակատի կարիքների համար:
Օրենքի նախագծում նշվում է, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ և փոփոխությունը կգործի մեկ տարի: