ԵԽԽՎ․ Թուրքիային կոչ ենք անում անհապաղ դադարեցնել իր մասնակցությունը հակամարտությանը
«Ես տխուր եմ և զայրացած, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական անձնակազմի ողբերգական կորուստների համար, որոնք առաջացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների նոր բռնկման հետևանքով: Այս ռազմական գործողությունները արագ վերաճում են համապարփակ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Մայքլ Աաստրուպ Յենսենը (Դանիա, ALDE):
«Երեկ կայացած նիստում Մոնիտորինգի հանձնաժողովը, որը ես նախագահում եմ, քննարկեց այս խորը մտահոգիչ զարգացումները հայ և ադրբեջանցի խորհրդարանականների ներկայությամբ և հորդորեց երկու երկրներին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև և հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այն կոչ է անում երկու պետություններին՝ առանց նախապայմանների համաձայնության գալ անհապաղ հրադադարի մասին և վերադառնալ բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո: Այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ավելացրել է Յենսենը:
Պատգամավորը կրկին հիշեցնում է, որ Եվրախորհրդի անդամ դառնալիս՝ երկու երկրներն էլ պարտավորվել են լուծել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը ստանձնում են անդամ բոլոր պետությունները, նշանակում է նաև, որ բոլոր անդամ պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից կամ դիսկուրսից, որոնք խրախուսում են պատերազմող պետություններին իրենց վեճերը լուծել ուժով:
«Այս առումով կոմիտեի անդամները ամփոսանք են հայտնում Թուրքիայի կողմից բորբոքվող հռետորաբանության պատճառով, ինչպես նաև հայտնում են հակամարտության մեջ անմիջական մասնակցություն ունենալու մասին և կոչ անում նրան՝ անհապաղ դադարեցնել այն», - եզրափակել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: