ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է՝ զերծ մնալ միմյանց միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց
Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու խստորեն զգուշացնում զինծառայողներին զերծ մնալ միմյանց ու հարազատների հետ բաց կապ հաստատելուց։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:
Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար:
Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար»,-ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին