Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:
Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ:
Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից:
Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:
Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին