Ժոզեպ Բորելը ԼՂ հակամարտության մասին․ Եթե գործել ասելով նկատի ունեք ռազմական գործողություն, այն բացառված է
«Ձեր ուղերձը պարզ է, որը նշվեց 56 անգամ՝ հայտնելով նույն մտահոգություն ու արտահայտելով նույն խնդրանքը՝ «գործելու»։ Հաջորդ եկուշաբթի ես ձեր ձայնը կհասցնեմ ԵՄ խորհրդին ու կտեսնենք, թե ինչ կարող ենք որոշել»,-այս մասին Եվրոպական խորհրդանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ պատգամավորների ելույթներից հետո հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բորելը կրկնեց, որ ԵՄ խորհուրդը հստակ է, որ այս հարցում պետք է միջնորդ լիննեն ու գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Բորելը համաձայնեց, որ այս հակամարտությունում նորությունն այն է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս, իսկ Թուրքիան ավելի խիստ դիրքորոշում է ընդունել։
«ԵՄ խորհուրդը քննարկել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները, որն ասում է, որ դեկտեմբերին գնահատվելու է իրավիճակն Արևելյան Միջերկրականում ու բոկոր այն կոնֆլիկտները, որոնցում Թուրքիան ներգրավված է՝ որոշում կայացնելու համար, թե ինչպես ենք շարունակելու մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասաց Բորելը։
Բորելը նշեց, որ շարունակելու են կողմերին հիշեցնել քաղաքացիներին պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին, աշխատել նաև Թուրքիայի հետ՝ հակամարտության կառուցողական կարգավորման համար ու օգնել՝ բախումները դադարեցնելու հարցում։
Բորելը նշեց, որ երեկ Թուրքիայի նախարարը Բաքվում էր և շատ մտահոգիչ է, որ նա լիակատար աջակցություն է հայտնում Ադրբեջանին, իսկ իր վերջին հեռախոսազրույցում Ադրբեջանի նախարարի հետ ևս հուսադրող չէ, որն ասել է, որ պատերազմը կշարունակվի՝ մինչև Հայաստանն ընդունի հստակ ժամանակացույց զորքերի դուրսբերման։
«Շատ բարդ է, իրավիճակը գնալով վատթարանում է։ Դուք բոլորդ կոչ եք անում «գործելու», բայց ես լսեցի շատ քիչ կոնկրետ տարբերակներ «գործել» բայի համար։ Ինչ նկատի ունեք «գործել» ասելով։ Մենք կարող ենք անել այն, ինչ կարող ենք անել՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կողմերին մղել դադարեցնել կռիվը, և հատկապես ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ չշարունակել միջամտությունը։ Բայց «գործել» ասելով, եթե դուք նկատի ունեք ռազմական գործողությունը, ամբողջությամբ բացառված է։ Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ կարող ենք որպես Եվրամիություն՝ մեր ռեսուրսներով, դիվանագիտական արենայում»,-ասաց Բորելն ու կոչ արեց սպասել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ խորհուրդը, ըստ զարգացումների, կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան