Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանների մեծ մասը դեռևս ազատ է. Բաթոյան
«Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով, քաղաքացիներին հիմնականում տեղավորել են մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ։
«Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, դրանց մեծ մասն ազատ է։ Դրա հետ միասին անընդհատ զարգացնում ենք համակարգերը՝ քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար։ Պիտի ևս մեկ անգամ կոչ անեմ, որ աջակցությունը ևս համակարգված տրամադրեն, և եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել մեր արցախցի քաղաքացիներին, ապա պետք է համակարգել մարզպետարանների ու նախարարության միջոցով։ Պետք է համակարգենք մեր ռեսուրսները, քանի որ հաղթանակից հետո մենք ավելի դժվար օրեր ենք ունենալու»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են մասնավոր սեկտորի վրա հույս դնում, եթե պետական կացարաններն ազատ են, Զարուհի Բաթոյանը պատասխանեց՝ դա կապված չէ նախարարության հանդեպ վստահություն չունենալու հետ.
«Մարդիկ ինքնաբուխ ակցիա են անում, ապակենտրոն աջակցություն իրականացնում։ Մենք աշխատում ենք շուրջօրյա։ Ինչ վերաբերում է կացարաններին, ապա դրանց մեծ մասը պատրաստ է մարդկանց ընդունելու, թեև դրանք օգտագործելու անհրաժեշտություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն․Ն․Փաշինյան
- Ինչպես ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին