Ռուս խաղաղապահների ներկայությունը արցախյան շփման գծում գոնե առայժմ իրատեսական չէ. Զոլյան
«Դիվանագիտական մեծ ջանքեր են ներդրվում հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, և մենք տեսնում ենք, որ այդ երկրների միջև կա որոշակի կոնսենսուս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ միջազգային արձագանքին։
Նրա խոսքով, կոնսենսուս կա այն հարցում, որ պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, Թուրքիան ակտիվ կերպով մասնակցում է հակամարտությանը, ինչը պետք է կասեցվի, և կան ահաբեկիչներ, որոնք բերվել են Սիրիայից, ինչի մասին, օրինակ, երեկ ՌԴ-ն հայտարարեց։
«Ասեմ, որ այդ կոնսենսուսին միացել է նաև Իրանը, որը Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց տարածաշրջանում մեծ դերակատարում ունի։ Իրանի կողմից կա իրավիճակի որոշակի գնահատական, թե դրանից ելնելով ինչ քայլեր կարվեն, պետք է այդ երկրից հարցնել։ Մենք տեղեկատվությունը տալիս ենք մեր գործընկերներին, և դրա արդյունքն են հայտնված հստակ դիրքորոշումները։ Համոզված եմ, որ այս հարցում բոլոր լուրջ սուբյեկտների շահերը համընկնում են մեր շահերի հետ։ Ո՛չ Թուրքիայի անմիջական մասնակցությունը, ո՛չ էլ ահաբեկիչների ներկայությունն այս տարածաշրջանում չեն նպաստում որևէ մեկի շահերին»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, գոյություն ունի շատ լայն քաղաքական, դիվանագիտական ու ռազմական գործիքակազմ, և յուրաքանչյուր երկիր իր քայլը կարող է ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ.
«Եթե ավելի պարզ ասեմ, ապա դա կարող է լինել հայտարարությունից մինչև պատժամիջոց և այլ գործողություն»։
Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիառել Թուրքիայի դեմ, բայց հակառակորդը կարծես թե անտեսում է դա, Միքայել Զոլյանն արձագանքեց՝ եթե միջազգային կազմակերպությունների որոշումներով, հայտարարություններով և դատավճիռներով հնարավոր լիներ կանգնեցնել պատերազմներ, այսօր Երկիր մոլորակում պատերազմ չէր լինի։
«Մեր զինված ուժերն այսօր կատարում են իրենց առաջադրանքները, և սա հանգեցնելու է նրան, որ պատերազմը կանգնեցվելու է Ալիևի և Էրդողանի համար ոչ ձեռնտու պայմաններում։ Բայց և այնպես, միջազգային հանրության կողմից դատապարտումներն ու հայտարարություններն իրենց դերն ունեն, քանի որ որևէ երկրի համար հեշտ չէ գործել արտաքին ճնշման ներքո։ Եթե այդ երկրներն այսօր որոշ կառույցների որոշումները չեն կատարում, դա չի նշանակում, որ հետագայում հետևանքներ չեն լինելու»։
Հարցին, որ այսօր խոսվում է նաև արցախյան շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, իշխանական պատգամավորը պատասխանեց՝ ընդհանրապես խաղաղապահների մասին շատ վաղուց էր խոսվում՝ անգամ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։
«Եթե իրատեսական լիներ արցախյան շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայումը, դա վաղուց տեղի կունենար։ Եթե տեղի չի ունեցել, նշանակում է խաղաղապահների ներկայությունը գոնե առայժմ իրատեսական չէ։ Ամեն դեպքում բոլոր հարցերը քննարկվում են, չկա որևէ բացառված հարց»,- պատասխանեց նա։
Այնուամենայնիվ, պատգամավորը շեշտեց, որ դաշնակից Ռուսաստանի հետ այժմ շատ ակտիվ քննարկումներ են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանն ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացրել է Իրանի դատախազին ուղղված նամակում
- Սոցփաթեթի շահառուները հնարավորություն կստանան փաթեթի գումարներն ուղղել ռազմաճակատին
- Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին
- Եթե այսօր տեռորիստներ Էրդողանի և Ալիևի դեմը չկտրվի, ապա նրանք կհայտնվեն..., ՌԴ-ում, Իրանում. Աբովյան
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին