20 մահ, 93 վիրավորում, 5800 նյութական վնաս. Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգություններ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն: Արցախի ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ներկայացված են արդյունքները:
Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 93 մարդ, որից 73 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 60-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 37-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:
Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 13 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:
Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, վերջին վեց օրվա ընթացքում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածում է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախում մարդասիրական աղետի խորացումը կանխելու և Արցախի բնակչությանը հումանիտար օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ
- Ադրբեջանը ցանկացած խայտառակություն ռազմաճակատում փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով. Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանում քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ է
- Ադրբեջան տեղափոխված վարձկանների մեջ կան ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՄԻՊ
- Կոչ ենք անում ՄԻՊ-ին, իրավապահ մարմիններին՝ քայլեր ձեռնարկել նման անթույլատրելի միջադեպերը բացառելու համար. ՀԺՄ
- Դադարեցնել ռազմական գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը. Քաղաքացիական համերաշխության պլատֆորմ
- Քաղաքացիական անձանց վրա հարձակումը հանդուրժելի չէ. ՀՀ-ում ԵՄ դեսպան
- Ադրբեջանը խնդիր է դրել՝ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները. Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան