Մոսկվան քննարկում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ռուսաստանը, ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել: Դրանք ուղղված են Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա խաղաղ բանակցային գործընթացի վերսկսմանը:
Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների, այնուհետև հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունները վկայում են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումների մասին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահը հոկտեմբերի 2-ին, 5-ին և 7-ին Հայաստանի վարչապետի հետ քննարկել է առկա իրավիճակը: Նույն թեմային անդրադարձել են հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում: Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, ի միջի այլոց, մենք հանդիպումների համար առաջարկել ենք տրամադրել մոսկովյան հարթակ։ Այս ուղղությամբ քննարկումներ ենք անցկացնում կողմերի հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա այցին՝ նա մասնավորապես նշել է․
«Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ակնկալելով, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ու կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին