«Ժողովուրդ». Պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի Երևանում պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը: Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիճակում: Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա նաև 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, և խնդիր էր դրված նաև մաքրել շենքերի նկուղները:
Սակայն այսօր պատերազմից չորս և զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված, անմխիթար վիճակում են կամ էլ, առհասարակ, չկան, վերածվել են որևէ ընկերության պահեստի: Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա: Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, և, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում:
«Ժողովուրդ» օրաթերթը, դիմել է Երևանի քաղաքապետարան և նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ կոնկրետ ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրի կարգավորման ուղղությամբ, որտեղ են ապաստանելու քաղաքացիները օդային տագնապների ժամանակ, երբ են, ի վերջո, մաքրվելու շենքերի նկուղները կոյուղաջրերից, առնետներից, աղբից:
Սակայն, ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանում ենք այսպիսի պատասխան. «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից՝ հանրությունն իրազեկվում է»: Այսինքն, հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ անհասկանալի է, թե որտեղ պետք է ապաստանեն երևանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: