Վիրավոր զինծառայողների 30%֊ը մեկ օրվա ընթացքում վերադառնում է շարք. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր առավորվանից ադրբեջանական զինուժը վերսկսել է հարձակողական գործողությունները ինչպես հյուսիսում, այնպես էլ՝ հարավում»,- այսօրվա ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով ու սաստիկ հարձակում է նախաձեռնվել, բայց հայկական կողմը պատասխան հարվածով ոչնչացրել է հակառակորդի զգալի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին ետ շպրտելով ելման բնագծերը։
«Նման մանր փորձեր կատարվել են նաև այլ ուղղություններով։ Սակայն այս պահի դրությամբ հատկապես թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ես անձամբ ականատես եմ եղել, ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Արցախի տարբեր բնակավայրեր, մասնավորապես՝ Ստեփանակերտը, Շուշին։ Այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավորներ լրագրողների շրջանում։ Այսօր երկու անգամ, Ադրբեջանի զինուժը դիտավորյալ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշի քաղաքի Սբ. Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է։
Կան նաև քաղաքացիական անձինք, որոնք վիրավորվելու մասին Արցախի ՄԻՊ-ը կհայտարարի։ Այս պահին, ընդհանուր առմամբ, ադրբեջանական ագրեսորների հարվածները, միայն Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորել է 93 մարդու, որից միայն 20-ն է թեթև կամ միջին ծանրության։ Կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում մեկ քաղաքացիական զոհը։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք։ 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել։ 750 տարբեր ենթակառուցվածքներ են վնասվել։ Եվ այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ որևէ մարտավարական հաջողության և անհաջողության մասին չի կարող տվյալ տրամադրել։
Արծրուն Հովհաննսիյանի խոսքով, վերջին տվյալներով Շուշիում վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է։ Եվ թեև հակառակրոդը շարունակում է կրակի տակ պահել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել ու չի էլ կարող լինել։
«Թշնամին փորձում է լրացնել կորուստները և շարունակել իր ցեղասպանական ու ագրեսիվ գործողությունները»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը, ապա հավելեց՝ հայկական կողմում վիրավորվածների մոտ 30%-ը, մեկ օրվա ընթացքում ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք։
Հարակից հրապարակումներ`
- Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից հետո իրանական մամուլում շրջանառվում է «Էրդողանի ռեժիմի զինյալները» եզրույթը. իրանագետ
- Ստեփանակերտն ու Շուշին շարունակվում են հրթիռակոծվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան