Ռազմական դրության ժամանակ խախտումը չվերացնելու դեպքում լրատվամիջոցները կտուգանվեն 1 միլիոնից 1.5 մլն դրամ
«Եթե լրատվական գործունեություն իրականացնողն անհապաղ չի վերացնի ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնների խախտումները, ապա այդ դեպքում տուգանքի գումարը կկազմի 1 միլիոնից 1.5 մլն դրամ»,- Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս ԱԺ-ում հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը
Վերջինս նկատեց, որ այդ փոփոխությունը կատարվել է նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Նույն հոդվածի մեկ այլ դրույթով սահմանված է,որ նման խախտման համար լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ կսահմանվի 700 հազարից մինչև 1 մլն դրամի վարչական տույժ:
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսիրքը լրացնել նոր՝ 1825 -րդ հոդվածով, որը վարչական տույժեր է սահմանում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու մի շարք դեպքերի համար:
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները ներկայացրեց օրենքը հեղինակած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը:
Պատգամավորը հայտնեց, որ նոր փոփոխությամբ ռազմական դրության բերված հիմնարկներում աշխատանքի էական պայմանների (աշխատաժամ, աշխատավայր) փոխելու դեպքում գործատուն կարող է չստանալ աշխատողի համաձայնությունը, մյուս բոլոր դեպքերում օրենսգրքով այն պարտադիր է համարվում: Պատգամավորը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է հանրային հատվածի, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և այն կազմակերպություններին, որոնք ռազմական դրության ժամանակ անցնում են կառավարման լիազոր մարմինների ներքո:
Օրենսգրքում կատարված նոր փոփոխությամբ ռազմական դրության ժամանակ աշխատաժամերից դուրս, գիշերային ժամերի և հանգստյան օրերի համար հավելյալ վճարներ չեն լինելու՝ բյուջեն չծանրաբեռնելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է, որ զորակոչի միջոցով զինվորական ծառայության անցնելու ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվի և սահմանվում է, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքի վարձատրության հարցերը կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ:
ԱԺ-ն միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երկու օրենքի նախագծերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան