ՊՆ ներկայացուցիչ. Ծանոթացանք պրոֆեսիանալ կին զինծառայողի հետ, որ վեց ամսեկան երեխային թողել է ու եկել է պատերազմ
«Ես այսօր Արցախում աչքովս տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ՝ ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր զինված ուժերի հակատանկային ամենալավ միջոցներից մեկը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընթացող մարտական գործողությունների ընթացքում կանանց սխրանքները ներկայացնելու խնդրանքին։
Նա ընդգծեց, կանայք իրենց հիանալի են դրսևորում, «ուղղակի մի ճանճ չի վրիպում իրենց հակատանկային խոցումներից»։
Հովհաննիսյանը թվարկեց՝ նախորդ օրերին տեսել է դիպուկահար կանանց, նաև հրետանավոր կնոջ։
«Չեմ տեսել, բայց շատ լսել եմ վաշտի հրամանատար մեկ աղջկա մասին, շատ կուզեմ ծանոթանալ իր հետ։ Այ այսպես, մեր աղջիկները, կանայք, քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են։ Երեկ չէ առաջին օր ծանոթացել ենք մի կնոջ հետ, որ վեց ամսեկան երեխային թողել է մոր խնամքին ու եկել է պատերազմ։ Պրոֆեսիանալ զինվոր է»,-ասաց նա։