Արցախի ԱԳՆ-ն ադրբեջանական կողմի մեկնաբանությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում է որակում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է մեկնաբանություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են:
Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:
Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ:
Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:
Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրեր է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում: Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»։
Հարակից հրապարակումներ`
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Ժնևում մեկնարկել են ԼՂ հարցով բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան