Մշակութային, կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ձեռագիրն է
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման վերաբերյալ.
«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Հիշեցնում ենք ադրբեջանական կողմին, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորույթային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն:
Պատմական, մշակութային և կրոնական օբյեկտների կանխամտածված ավերումը միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բավական է հիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, ինչպես նաև Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում հաղթական կամարի և Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերումը:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա հարձակումը ցուցադրում է, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած հանցավոր եռյակ դաշինքին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկչական կազմակերպություններին միավորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև արժեհամակարգը և ռազմական գործողությունների վարման հանցավոր մեթոդները:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մշակութային ժառանգության պահպանումը մեծ նշանակություն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, իսկ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը ողջ մարդկության մշակութային ժառանգությանն է վնաս հանդիսանում։
Մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաների ընդունումից բացի, հարցը բարձրացվել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով, որը զինված հակամարտությունների համատեքստում հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից մշակութային ժառանգության ոչնչացման անթույլատրելիության մասին իր բանաձևում (2347) կոչ է արել բոլոր պետություններին կոլեկտիվ և համակարգված պայքար մղել նման պրակտիկայի դեմ:
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից մարդասիրության և համամարդկային արժեքների բացահայտ ժխտման պայմաններում Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման առավել գործուն միջոցն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից հետո իրանական մամուլում շրջանառվում է «Էրդողանի ռեժիմի զինյալները» եզրույթը. իրանագետ
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին
- Երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն․Վ․Պողոսյան
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին