Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ու պատմամշակութային ժառանգության թիրախավորումը։ Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։
Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին