Ալբերտ Վայլեր. «Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն»
ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա֊Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը հանդես է եկել հայտարարությամբ․ «Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն»։
Վերջինս դիմել է դաշնային կառավարությանը և Բունդեսթագի իր խմբակցությանը՝ նշելով, որ արդեն 10 օր է ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա։
«Մեզ են հասնում սարսափեցնող փաստեր այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Տխրությամբ և սարսափով տեղեկացա, որ Շուշի քաղաքի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատքի խորհրդանիշն էր, ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվել է։ Ես խստորեն դատապարտում եմ այս հանցագործությունը։ Աստծո տների ավերումը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։ Ես պահանջում եմ Ադրբեջանի դեմ կիրառել եվրոպական սանկցիաներ և հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին այդ երկրից։ Որպես ՔԴՄ խմբակցություն՝ մենք պետք է խստորեն և հետևողականորեն պայքարենք այսօրինակ հանցագործությունների դեմ»,-ասել է նա։