Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը դեռ չի ավարտվել
Մոսկվայում արդեն մոտ վեց ժամ է շարունակվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Ռոսսիա 24»-ի լրագրողը տեղից հայտնում է, որ դեռ որևէ տեղեկություն չկա, թե երբ այն կավարտվի։ Լրագրողները մամուլի կենտրոնում սպասում են, որտեղ հավանաբար նախատեսված է արդյունքներն ամփոփոխ ասուլիս երեք նախարարների մասնակցությամբ. ասուլիսի սրահում տեղադրված են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի դրոշներն ու երեք ամբիոն։
Լրագրողն ասաց, որ հանդիպումը կարճ ժամանակով ընդհատվել էր, նկատել էր, որ ադրբեջանական դրոշով մեքենան դուրս էր եկել ՌԴ ԱԳՆ ընդունելություններից տնից և կարճ ժամանակ անց վերադարձել էր։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Երեկ կեսգիշերին մոտ Կրմելը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
- Օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերն են. Նաղդալյան
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով