Նարեկ Մալյանի բնակարանում խուզարկությամբ առգրավվել են երեխաների հեռախոսները. Փաստաբան
Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Այս մասին հայտնում է «ՎԵՏՕ» քաղաքական-հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որևէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը և մանկահասակ երեխաներին:
Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով: Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 և 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից, անցել են վաղեմության ժամկետները, նաև միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է և անբարոյականություն, մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին:
Դատարանի որոշումը և քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»,- գրել է Տիգրան Աթանեսյանը: