Հրադադարից հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:
Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին:
Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրապարակել է Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ՄԻՊ գրասենյակի պատրաստված զեկույցը՝ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
- Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան