Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։
«Հարգելի պարոն Ղեբրեյեսուս,
Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ:
Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով:
Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։
Հարգելի գլխավոր տնօրեն,
Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական վտանգի տակ են:
Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:
Եթե Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշված է Ա. Թորոսյանի նամակում:
Հարակից հրապարակումներ`
- Սխրանքների գնով է մեր բուժանձնակազմը վիրավորներին բուժօգնություն ցուցաբերում. Տիգրան Աբրահամյան
- Այս ծանր օրերին բժիշկների կատարած մասնագիտական աշխատանքը հավասարազոր է հերոսության. Արայիկ Հարությունյան
- Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
- Մեր բժիշկների շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան