Հրադադարից առաջ Ադրբեջանը վերջին հարվածն ընտրել էր Հադրութ քաղաքը. Արցախի նախագահ
«Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բայց չգիտենք ինչքան երկարատև կլինի, մեր բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր, դիրքային պայքար լինում է։ Բայց այս փուլում, չգիտեմ ինչպես կլինի օրվա ընթացքում»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ վկայում ենք, որ երեկ հրադադար չի եղել. «Մենք պահել ենք կրակի դադարի ռեժիմը, եթե հակառակորդը չի պահում, ապա ինչպես մենք պահենք»։
«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, հազարամյա մշակույթը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը։ Մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- ասաց նա։
Խոսելով երեկ Հադրութում կատարված դեպքերի մասին, մասնավորապես Ադրբեջանի դիվերսիոն ներթափացման փորձի, Արցախի նախագահն ասաց. «Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը։ Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ ձևավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել, և Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»։
Հարցին՝ ադրբեջանցիներն օգտագործել են գրոհային ԱԹՍ-ներ, որոնք գնվել են Իսրայելից այն պայմանով, որ կիրառելու են միայն պաշտպանական նպատակներով, Իսրայելի կառավարությունը տեղյա՞կ է այն մասին, որ նրանք օգտագործել են դրանք գրոհելու նպատակով, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում այն ժամանակ։ Դրա համար, եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, հերթական ծաղրանքն է մարդկության հանդեպ։ Իհարկե, տեղյակ են, և այսօր էլ շարունակում են մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլև Աստծո պարտադրած արժեքները։ Տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ բոլոր իշխանությունները և շարունակում է մատակարարել Ադրբեջանին»։
Նա ընդգծեց, որ Արցախում տեղի է ունենում մարդկության դեմ ամենամեծ ոտձգությունը. «Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային տեռորիզմի նոր հարթակ ձևավորել։ Սա պետք է գիտակցեն բոլորը»։
Արցախի նախագահն ասաց, որ պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոններին համապատասխան ընթանա գերների, զոհերի դիերի փոխանակում։
«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի, իր հայրենակիցների նկատմամբ՝ իր ազգի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ օրերի ընթացում սա մեծ աղետ է դառնալու։ Առաջնագծում թողած հարյուրավոր դիակների հանդեպ անտարբեր է այդ իշխանությունը»,- ասաց Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Հարությունյան
- Ադրբեջանցի դիվերսանտները Հադրութում սպանել են մորը և նրա՝ հաշմանդամ որդուն
- ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ռուսաստանի դերը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատելու գործում
- Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները
- Ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակումն ու ոչնչացումը Հադրութի ուղղությամբ .ՊԲ
- Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառք. ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան