Անկախության իրավունքի ճանաչումն մենք դիտարկում ենք որպես Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովող և էթնիկ զտումը բացառող գործոն. Միքայել Մելքումյան
«Քանի որ ողջ աշխարհի հայությունը մի բռունցք է դարձել այս ագրեսիայի դեմն առնելու համար, քննարկվել են բոլոր ուղիները, որոնք որ տանելու են ագրեսիայի զսպմանը, դրան հակազդմանը»,-լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարների հետ հանդիպման մասին հարցին:
Պատգամավորը նշեց, որ հանդիպումը տևել է երկու ժամ, որի ընթացքում բացի ռազմական իրավիճակից քննարկվել են նաև քաղաքական հարցեր և խնդրեց հանդիպումից այլ հարցեր չտալ:
Ըստ Մելքումյանի, խնդիրը վարչապետի տված տեղեկատվության բավարար լինելու կամ չլինելու մեջ չէ, էականն այն է, որ քննարկվել են իրավիճակից ելքերը, որի ժամանակ վարչապետը հայտնել է երկրի դիրքորոշումը:
«Արցախի անկախության իրավունքի ճանաչումն այս փուլում մենք դիտարկում ենք որպես Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովող և էթնիկ զտումը բացառող գործոն»,- հայտնեց պատգամավորը և հավելեց, որ մի բան է գործ ունենալ չճանաչված երկրի հետ և մեկ այլ բան է, որ այն պաշտոնապես ճանաչում ես և որոշակի պարտավորություններ ես կրում այդ ժողովրդի նկատմամաբ:
Նրա համոզմամբ, մեր և ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի պայքարն այսօր պետք է ուղղվի նրան, որ աշխարհում որևէ երկիր, կարևոր չէ, թե որը, ճանաչի Արցախի անկախությունը, որից հետո այն պետք է անի Հայաստանը:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը՝ Միքայել Մելքումյանը հայտնեց. «Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ հայտարարեց, և մենք էլ ասացինք, որ ՌԴ-ի հետ լայն թափով և ամբողջապես պետք է վերականգնենք մեր ռազմավարական գործընկերոջ և բնական դաշնակցի հարաբերությունները»:
Նրա խոսքով, Ռուսաստանի ներկայությունն այս տարածքում պետք է լրիվ վերականգնվի, քանի որ Թուրքիան փորձ է անում Ադրբեջանին պոկի տարածաշրջանից՝ նաև նրա շահերն սպասարկելով և փոխարենը ինքը ներկայանա այս տարածքում, իսկ Ռուսաստանը պետք է զսպի այն: Մելքումյանի պնդմամբ, այդ ուղղությամբ զարգացումները տեսանելի կլինեն 3-4 օրվա ընթաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան