Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է աճուրդների տեսությունը զարգացնելու համար
Նոբելի հիշատակի Շվեդիայի Պետական բանկի տնտեսագիտության մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Փոլ Միլգրոմը և Ռոբերտ Ուիլսոնը՝ աճուրդների տեսությունը բարելավելու և աճուրդների նոր ձևաչափեր հորինելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այս մրցանակի շնորհմամբ ավանդաբար ավարտվում է Նոբելյան շաբաթը:
«Այս տարվա դափնեկիրներ Փոլ Միլգրոմը և Ռոբերտ Ուիլսոնը ուսումնասիրել են, թե ինչպես են աճուրդները գործում: Նրանք նաև իրենց եզրակացությունները օգտագործել են աճուրդների համար նոր ձևաչափերի ստեղծման համար, որոնք կիրառելի են այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք դժվար է վաճառել ավանդական եղանակով: Նրանց հայտնագործությունները օգուտ են բերել ամբողջ աշխարհի վաճառողներին, գնորդներին և հարկատուներին»: - ընդգծվում է Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Նոբելյան կոմիտեն հայտարարել էր ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի և քիմիայի, գրականության և խաղաղության բնագավառների դափնեկիրների անունները:
Տնտեսագիտության ոլորտում մրցանակը 1968 թվականին սահմանվե է Շվեդիայի պետական բանկը: Այն չի պատկանում հիմնական հնգյակին, որը Նոբելը 1895 թվականին ամրագրել էր կտակում: Այն հանձնում է Գիտությունների թագավորական ակադեմիան:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցանակների հանձնման արարողությունը կանցկացվի առցանց: Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռներեց և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Նոբելյան յուրաքանչյուր մրցանակի չափն այս տարի հասցվել է տաս միլիոն շվեդական կրոնի (մոտ մեկ միլիոն դոլար):
Նոբելյան մրցանակները շնորհվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթում կամ հասարակության զարգացման գործում մեծ ներդրումների համար: