Պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի. Շարմազանով
«Սա պատմական ու կարևոր ժամանակաշրջան է մեր երկրի համար։ Եվ չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ արցախյան շփման գծում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության էր հրավիրել արտախորհրդարանական ուժերին։
Նրա խոսքով, քաղաքական ուժերը հրավեր են ստացել, խնդիրը Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին է վերաբերել, և յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ իր կարծիքն է հայտնել։
Հարց. Արցախի հարցում Ձեր և վարչապետի տեսակետները համընկնո՞ւմ էին։
Է. Շարմազանով. Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք, արդյո՞ք դա համընկնում էր վարչապետի կարծիքի հետ, իրեն պետք է հարցնել։ Մենք ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հարց. Արցախի անկախության հարցը քննարկե՞լ եք։
Է. Շարմազանով. Չեմ կարող ասել՝ ինչ ենք քննարկել։ Փակ քննարկում է եղել, մեր կարծիքն էլ շատ հստակ է։ Չեմ կարծում, որ հիմա պետք է նստենք ու քննարկենք՝ ով ինչ է ասել։ Մենք հստակ նշել ենք՝ Արցախը երբեք ու ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իմ կարծիքով, պետք է անել հնարավորինը, որ հրադադարի ռեժիմն աշխատի։
Հարց. Արցախի հարցի շուրջ ՀՀԿ-ն ներկուսակցական քննարկում ունեցե՞լ է։
Է. Շարմազանով. Բնականաբար եղել է ներկուսակցական քննարկում, և ես ինքնագլուխ չեմ եկել ու ներկայացել այս հանդիպմանը։
Հարց. Ի՞նչ եք կարծում, այս փուլում Արցախի անկախության ճանաչումը տեղի՞ն կլինի։
Է. Շարմազանով. Ես ասում եմ այն, ինչ-որ տվյալ ժամանակահատվածում պետք է։ Մենք ռազմական դրության մեջ ենք, ու ես ավել բան չեմ կարող ասել։ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, իմ խորին համոզմամբ, պետք է արվի այն ժամանակ, երբ դա օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և կլինի շարունակական միջազգային «ակտորների» կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և միայնակ մնա այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է. Մարուքյան
- Ըստ էության վարչապետը չհերքեց ադրբեջանական լուրի իսկությունը.Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը