ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև բոլոր կողմերին կոչ է անում նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել` աջակցելու այդ հանձնառությունների և պարտավորությունների կատարմանը:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ուսումնական հաստատությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության թիրախավորման, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման փաստը դատապարտելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
- Պետք է կանխվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
- ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին