Կոպիրկին. Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, տվել իր գնահատականները տեղի ունեցողին, տարբեր կողմերի գործողություններին, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես ՌԴ նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա ասաց, որ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու մասին խոսք չի եղել։
Հարցին՝ կրակի դադարի ռեժիմը չի պահպանվում, ի՞նչ պետք է անել նման իրավիճակում, դեսպանը պատասխանեց, որ պետք է հասնել նրան, որ պահպանվի, ինչպես կողմերը պայմանավորվել էին Մոսկավում հոկտեմբերի 9-ին։ Նա նշեց, որ ՌԴ դիրքորոշումն է՝ հասնել նրան, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն, ՌԴ-ն անում է ամեն ինչ իր ուժերի սահմանում, որպեսզի դա տեղի ունենա։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը իրականում գործի: Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ», - ասաց դեսպանը։
Հարցին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանչաման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, դեսպանը պատասխանեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չմահանան, անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Շուշին: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան երկու տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հարակից հրապարակումներ`
- Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
- Լավրով․ Քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը համարում ենք սխալ
- Լավրով. Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը լիովին չի հարգվում
- Ալիևը կարծում է՝ Մինսկի խմբի կազմը պետք է թարմացվի
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում