«Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են և երկու հանցագործ». Ակցիաներ Վիեննայում և Բրատիսլավայում
Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։
Վիեննայի կենտրոնում Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական վարչության և Ավստրիայում գործող հայկական միությունների կողմից կազմակերպված ցույցին մասնակցել են շուրջ 1000 հայեր՝ ներառյալ Ավստրիայի դաշնային երկրամասերից։
Վիեննայում ցույցը մեկնարկել է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, այնուհետև ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Ավստրիայի դաշնային նախագահի նստավայր։
Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և հանդես եկել կոչերով՝ Ավստրիայի պետական իշխանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիների, զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության վրա և կոչ անելով Արցախի հանրապետությունն անհապաղ ճանաչել։ Պաստառներ էին բարձրացվել «Ոչ պատերազմին», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մենք կառուցում են, դուք ոչնչացնում եք», «Կանգնեցրեք բռնապետերին» և այլ կոչերով։
Բրատիսլավայում՝ Սլովակիայի կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցույցին մասնակցել են Սլովակիայում բնակվող շուրջ 70 հայեր։ Ցուցարարների շարքերում էին նաև սլովակներ և հույներ։
Ցուցարաները պաստառներ էին բարձրացրել «Կանգնեցրեք թուրքական ագրեսիան», «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են և երկու հանցագործ», «Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը» և այլ կոչերով։ Ցույցին մանրամասնորեն անդրադարձել է (շուրջ 3 րոպե՝ տեսանյութի 14․37-17․16 րոպեներ) Սլովակիայի հանրային RTVS հեռուստատեսությունը՝ գլխավոր լուրերի ուղիղ թողարկման ժամանակ` ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը և ներկա իրավիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան