Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ռուս փորձագետների և քաղաքագետների հետ
Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում շոշափվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:
Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվեկ նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները:
Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
- Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Զոհրաբ Մնացականյան
- Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Լավրով հանդիպումը (Ուղիղ)
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը, ըստ էության, չի հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը