ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ՝ երիտասարդների համար
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Պարապմունքները նախատեսված են 20-ից 35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․
տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ,
համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում,
դաշտային պարապմունքներ։
Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.
Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում: