
«Հրապարակ». Արտախորհրդարանական ուժերի հանդիպումը վարչապետի հետ կարող է պարբերական բնույթ կրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը կարող է պարբերական բնույթ կրել. նման տպավորություն է ստացել հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության ներկայիս ղեկավար Նարինե Դիլբարյանը։ Ավելին, չի բացառվում, որ ընդլայնվի նաև ձևաչափը, և նոր ուժեր ու անհատներ մասնակցեն։
«Ես չգիտեմ՝ ինչ սկզբունքով էր ընտրվել մեր հանդիպման ֆորմատը, բայց առաջարկել եմ ընդլայնել շրջանակը և մասնավորապես հրավիրել նախկին վարչապետերի, որոնք պետական կառավարման ոլորտում և ռազմական իրավիճակներում աշխատելու փորձ ունեն՝ Վազգեն Մանուկյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Դարբինյան, թեև վերջինս պատերազմական իրավիճակում չի աշխատել, բայց կառավարման համակարգի փորձ ունի»,- երեկ մեր լրագրողին ասել է Դիլբարյանը՝ տեղեկացնելով նաև, որ Փաշինյանը կարծես թե համաձայնել է առաջարկին։
Իսկ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը, Դիլբարյանի խոսքով, տեղեկատվության փոխանակման և խորհրդատվական բնույթ է կրել, մեկ այլ կարծիքի համաձայն՝ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը բաշխելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում