Ռուբեն Սանամյան. Ողջ կամ, ողջ էլ լինելու եմ, իրենց ոչխար զորքին թող փոխանցեն, որ շատ կհանդիպենք
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն:
2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։