Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել
Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ ի աջակցություն Արցախի։ Ցույցերից երեքը եղել են Բեռլինում։
«Առաջին ցույցը, որը կազմակերպվեց, գերմանահայ թեմի առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհրդի ուժերով էր և մեր կազմակերպության ջանքերով։ Տեղի ունեցավ հենց Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց», - «Հայերն այսօր»-ին պատմել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ հստակ պահանջներ են ներկայացրել՝ թույլ չտալ այլևս ցեղասպանություն, միջամտել անմիջապես, որպեսզի խաղաղություն հաստատվի, ադրբեջանական կողմը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և նկատի ունենալ նաև Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։
Արցախին աջակցելու նպատակով հայկական համայնքը նաև դրամական և հումանիտար նվիրատվություններ է կատարել։ Ըստ Մինասյանի՝ մոտ 1 տոննա օգնություն է Ֆրանկֆուրտից ուղարկվել Հայաստան։
«Հիմա մենք մտածում ենք մեկ այլ բան՝ «Կարկանդակը կփրկի կյանքեր» խորագրով ակցիա կազմակերպել եկեղեցական համայնքների հետ և առաջարկենք կարկանդակներ գնել, ոչ թե գնելու դասական իմաստով, այլ նվիրատվություններ կատարել և դրա շուրջ համախմբել մարդկանց։ Առաջիկայում մենք է՛լ ավելի շատ կարող ենք անել հայրենիքի, Արցախի համար։ Բոլորի սիրտը բաբախում է Արցախով և Հայաստանով», - նշել է Միքայել Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան