ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է ծաղկի շուկան ու հորդորում է գները չբարձրացնել
Ծաղկի խանութներում մի քանի անգամ թանկացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները։
Սովորական օրերին 70-120 դրամով վաճառվող մեխակն այս օրերին վաճառում են 300-400 դրամով։ Ծաղկեպսակների գինը բարձրացել են մինչև 10-12 հազարով։
Վաճառողները պատճառաբանում են, թե մեղքն իրենցը չէ։
Պատերազմական վիճակում գտնվող Հայաստաում ո՞րն է ծաղիկների թանկացման պատճառները, կարելի է միայն ենթադրություն անել ու ամաչել։
ՏՄՊՊՀ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ ծաղկի շուկայում ուսումնասիրություն են իրականացրել։
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում:
Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ -ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից»,- փոխանցեցին հանձնաժողովից։