Աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին թշնամին ետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:
«Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։
Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:
Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր՝ թշնամու կողմից թիրախավորված հիվանդանոցից
- Թշնամին թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը. ՊԲ
- Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ թշնամին թիրախավորվել է քաղաքացիական ենթակառուցվածքները
- Արցախում ադրբեջանական հարվածների հետևանքով զոհվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել 100-ից ավելի մարդ
- Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան