Թուրքական F-16-երը ներգրավված են Հայաստանի և Արցախի տարածքների հրթիռակոծմանը. Գարիկ Մովսեսյան
«Պատերազմի հենց սկզբից թուրքական F 16-երն ակտիվ ներգրավված են եղել Ադրբեջանի ԶՈւ խնդիրների կատարմանը, այն է՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
Նրա խոսքով, F 16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, որոնք Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսին թուրք-ադրբեջանական լայնամսշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին և ուսումնավարժանքային ակտիվ թռիչքների ժամանակ՝ հիմնականում թիրախավորել են Գյանջա-Վարդենիս, Գյանջա- Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները:
Մովսեսյանը հայտնեց, որ զորավարժություններից հետո դրանք չեն վերադարձել Թուրքիա և մնացել են Գյանջայի օդանավակայանում: Բարձրաստիճան զինվորականը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային հրամանատարությունը իրականացրել է Գյանջայի օդանավակայանում տեղակայված F 16 ինքնաթիռների և նրանց անձնակազմերի տեխնիկական հերթափոխ՝ շեշտելով, որ նրանց թռիչքները Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով իրականացվել են Վրաստանի օդային տարածքով:
Նա նաև հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ի երկու F16 մինչև 6 կիլոմետր խորությամբ խախտել են ՀՀ օդային տարածքը:
«Սեպտեմբերի 29-ին ժամը 12:26-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F 16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռչող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ 25 ինքնաթիռն, ուղղություն են վերցրել դեպի պետական սահման և մոտ 60 կիլոմետր հեռավորությունից արձակած օդային հրթիռով խոցել են մեր ինքնաթիռը»,- հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալը:
Նրա խոսքով, Հայաստանի կողմից միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո, իրենց գործողությունները թաքցնելու նպատակով, թուրքական կողմը հոկտեմբերի 3-ին իրականացրել է F-16 ինքնաթիռների վերատեղակայում Գաբալայի օդանավակայան և դրանից հետո սկսել են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ:
Գարիկ Մովսեսյանի ներկայացմամբ, ամեն օր 2 կամ 4 հատ F-16 է օդ բարձրանում և հերթապահության դիրք զբաղեցնում Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից հետո օդ են բարձրանում հեռավոր ռադիոլոկացիոն հետախուզման և ուղղորդման ԱԹՍ-ները Թուրքիայում, նաև Արարատ լեռան վրա, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, օդ են բարձրանում նաև ադրբեջանական ՍՈւ 25 գրոհային ինքնաթիռները: ՀՀ ԶՈւ դիտարկումների համաձայն, ադրբեջանական ինքնաթիռների մի զույգն այդ ընթացքում ուղղություն է վերցնում դեպի Մինգեչաուրի ջրամբար և զբաղեցնում են F-16-ի հերթապահության դիրքերը, իսկ F-16-երը ժամանած նոր ՍՈւ 25-երի հետ հարվածներ են հասցնում Մարտակերտի բնակավայրերին:
«Թուրքիայի ԶՈւ F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույն խնդիրները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, աջակցություն ՀՀ և ԱՀ տարածքներին ռմբահրթիռային հարվածներ հասցնելուն և նրանց գործողությունների պատսպարում»,- հայտնեց հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալը։
Նրա խոսքով, Ադրբեջանը նաև օգտագործում է թուրքական և իսրայելական ԱԹՍ-ներ:
Գարիկ Մովսեսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին թշնամին հարվածային «Harop» տիպի ԱԹՍ-ներով հարվածել է Կապան քաղաքի պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման վրա, որոնց արդյունքում կան անձնակազմի և ռազմական տեխնիկայի կորուստներ: