The Washington Post. Սիրիացի վարձկանների դիակները Թուրքիայի սահման են բերվել սառնարանային բեռնատարներով
The Washington Post-ն իր հոդվածում ապացույցներ է հրապարակել սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանի զինուժի կազմում Արցախի դեմ կռվելու վերաբերյալ։
«Ընտանիքները հավաքվել են Սիրիա-Թուրքիա սահմանակետում սառնարանային բեռնատարի մոտ՝ սպասելով իրենց սարսափելի բեռին, 52 սիրիացի տղամարդկանց դիերին, որոնք սպանվեցին 600 մղոն այն կողմ պատերազմում»,- այսպես է սկսում հրապարակումը հոդվածագիրը։
Հարազատները պատմել են, որ սպանվածները թուրքական զինուժի կողմից հավաքագրված վարձկաններ են, որոնք կռվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։
Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան խանդավառ կերպով աջակցում է Ադրբեջանի պատերազմական ջանքերին՝ տրամադրելով ռազմական օգնություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով Թուրքիան տեղավորվել է հակամարտության կենտրոնում։
Պարբերականը հրապարակել է նաև ԼՂ-ում սպանված վարձկաններից մեկի՝ Մահմուդ Նաջարի լուսանկարը։
Մահմուդ Նաջարի զարմիկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմել է, որ Նաջարն աշխատում էր Հալեպի տեքստիլ գործարաններից մեկում, վերջերս Սիրիայի հյուսիսում գտնվող Մարեա քաղաքի տեղական դատարանում աշխատում էր որպես անվտանգության աշխատակից։
Նա երկու երեխա ուներ ու հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Մի անգամ Նաջարի 18-ամյա զարմիկը նրան առաջարկում է կռվել Ադրբեջանում՝ ամիսը 2 հազար դոլարի դիմաց։ Նա այդ հնարավորությունից վեր է թռել։
«Փողը միակ պատճառն էր։ Ո՞վ է ուզում Ադրբեջան գնալ։ Ադրբեջանի տեղն անգամ ո՞վ գիտի»,- ասել է սպանված վարձկանի հարազատը։
Ադրբեջան հասնելու առաջին օրը նրանց բաց կանաչ զինվորական հագուստ են տրամադրել։ Հաջորդ օրը երեք մարդ նրանց ուղեկցել են ռազմաճակատ, նրանց անծանոթ է եղել լեզուն, տարածքը, պատմությունը։ Լեռ բարձրանալը տևել է 9 ժամ։ Նաջարին ուղարկել են շինությունը մաքրելու, բայց նա սպանվել է դիպուկահարի կրակոցից, գնդակը դիպել է գլխին։
Զարմիկը պարբերականին տրամադրել է նաև այդ լուսանկարը, բայց խնդրել է չհրապարակել։ Նաջարի՝ 18-ամյա զարմիկն էլ հենց նույն օրը սպանվել է։ Մարմինները մնացել են ընկած տեղերում, քանի որ դրանք վերցնելը չափազանց վտանգավոր է։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ
- Տիգրան Բալայան. Ալիևը վարձկանների մասին տեղեկությունները հերքում է նույն կերպ, ինչպես խավիարային դիվանագիտության դեպքում
- Սիրիացի վարձկաններն ապշած են հայ դիպուկահարների աշխատանքից
- Սիրիական աղբյուր. Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի
- «Փաստ». Այն վարձկանը, որը չի կարողանում նորմալ կռվել և փորձում է նահանջել՝ թիկունքից կրակում են դիպուկահարները
- «Ալլահը վկա, էս ազերիները օրեր են լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում». հատված վարձկանների խոսակցությունից
- Վարձկանների հավաքագրում Սիրիայում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին