Բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են քրգործեր. Զինվորական դատախազ
«Այս ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Հայաստանում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել՝ 3 քաղաքացի, որից մեկն՝ անչափահաս: Ինչպես նաև սպանվել են 5 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 11 զինծառայողներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։
Նա նշեց, որ սպանված և վիրավորված զինծառայողները ներգրավված չեն եղել մարտական գործողություններում:
Վահե Հարությունյանը նկատեց, որ թշնամին կանխամտածված հարվածում է նաև խորը թիկունքում գտնվող բնակավայրերին ու քաղաքացիական օբյեկտներին՝ Գեղարքունիքի Գեղամասար և Վարդենիս համայնքներին:
«Հակառակորդի կողմից թիրախավորվել են ՀՀ մի շարք բնակավայրեր, ԱԹՍ-ներով հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, որտեղ ամենևին տեղակայված չեն զինվորական օյեկտներ»,- հայտնեց Հարությունյանը:
Զինվորական դատախազը տեղեկացրեց, որ բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են ավելի քան երկու տասնյակ քրեական գործեր, իրավական գնահատականներ կտրվեն և մեղավորները կպատժվեն:
Նրա խոսքով, այս հարցում դատախազությունն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և Իրանի գործընկերների հետ: